«Իրանի հետ համագործակցությունը միջազգային պատժամիջոցների պայմաններում լայն հնարավորություն է բացում ԵԱՏՄ-ի համար։ Հուսով եմ, որ Իրանում կիրացվեն մեր ապրանքները։ Այս երկիրը պաշտոնապես հայտարարել է իր բարիդրացիական հարաբերությունների մասին Հայաստանի հետ»,- ասաց ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարար Անդրեյ Սլեպնյովը, երբ նրան հարցրինք, թե արդյոք հնարավո՞ր է, որ Իրանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանը ներգրավվի խոշոր տնտեսական ծրագրերում, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանն Իրանին ամենամոտ և ջերմ հարաբերություններ ունեցող երկիրն է։ ԵԱՏՄ-ն ընդլայնում է առևտրաշրջանառության իր քաղաքականությունը երրորդ երկրների հետ։ Այդ նպատակով է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստվում է համագործակցության համաձայնագիր։ Այս մասին փաստեցին ԵԱՏՄ-ի կոլեգիայի անդամ նախարարները։
ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներն ամփոփեցին իրենց երկօրյա հանդիպումներն ու քննարկումները պետական պաշտոնյաների և բիզնես հատվածի հետ։ Մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Քարայանը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարները Հայաստանում են ֆինանսների նախարարության հրավերով։ «Նպատակն էր պետական և մասնավոր հատվածի հետ քննարկել ԵԱՏՄ-ի մշակած նոր մաքսային օրենսգիրքը։ Երկրորդ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ի հայտ եկած խնդիրները վերլուծել գործարար աշխարհի հետ և գտնել լուծումներ»։
ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներ Թիմուր Սուլեյմենովը, Անդրեյ Սլեպնյովը, Վլադիմիր Գոշինը, Արա Նռանյանը և Ռոբերտ Հարությունյանը լրագրողներին մանրամասն ներկայացրին իրենց երկօրյա աշխատանքներն ըստ ոլորտների։ Մասնավորապես, Թիմուր Սուլեյմենովը նշեց. «Գործարարների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս շատ այլ հարցերի, քննարկել ենք նաև ԱԱՀ-ի և ակտիվների հետ կապված խնդիրները»։ Բանախոսները նշեցին, որ սեմինարների միջոցով լայնորեն ներկայացվել է մաքսային նոր օրենսգիրքը։ «ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն արդեն ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողություններն այս օրենսգրքի վերաբերյալ։ Հայաստանում անցկացված այս սեմինարից հետո հուսով ենք, որ հայկական կողմը կներկայացնի իր դիտողություններն ու առաջարկությունները»,- ասաց ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարար Վլադիմիր Գոշինը։
Կոլեգիայի անդամ յուրաքանչյուր նախարար ներկայացրեց իր ոլորտին առնչվող հարցերը։ Անդրեյ Սլեպնյովը նշեց, որ ՀՀ կառավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են հրատապ հարցեր՝ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության համաձայնագրերի շուրջ. «Մայիսի 29-ին Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր է կնքվելու»։ Բանախոսը նշեց, որ սա ԵԱՏՄ անդամ երկրների և հատկապես ՀՀ-ի համար, որի առևտրաշրջանառությունը Վիետնամի հետ գրեթե զրոյական է, փոխշահավետ կլինի։
Ինչ խոսք, այս պատվիրակության լայնածավալ հանդիպումները պետական և մասնավոր հատվածի հետ գործնականում կարող են դրական արդյունք ունենալ։ Սակայն մեզ հետաքրքրում էր մեկ այլ հարց՝ արդյոք այդ հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ են այն խնդիրները, որոնց լուծումն առաջիկայում հնարավոր չէ։ «Մենք խոսել ենք բաց և ազատ բոլոր հարցերի շուրջ։ Որպես խնդիր կառանձնացնեի տրանսպորտային հաղորդակցության միջոցների հարցը։ Կարծում եմ՝ այն ավելի լուծելի կդառնա Իրանի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց Անդրեյ Ալեպնյովը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ